26 նոյեմբերի 2008 - 13:24 AMT
Դենիել Ֆրիդ. Վրաստանն ու Ուկրաինան ստիպված կլինեն երկար սպասել անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Պաշտոնական Վաշինգտոնը նախկինի պես կարծում է, որ Վրաստանին ու Ուկրաինային տարիներ են բաժանում ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Ինչպես նշել է դիվանագետը, դաշինքի անդամ պետությունները հասկանում են, որ եւ Վրաստանը, եւ Ուկրաինան պետք է մեծ աշխատանք կատարեն, համապատասխանելու համար ՆԱՏՕ-ին անդամակցության պահանջներին եւ համաձայնեն են դրան: «Նրանց առջեւ տարբեր մարտահրավերներ են ծառացած, քանի որ խոսքը գնում է տարբեր երկրների մասին, սակայն նրանք պետք է մեծ աշխատանք կատարեն: Վրաստանն ու Ուկրաինան, ըստ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ընդհանուր կարծիքի, կարող են ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր ստանալ միայն որոշ ժամանակ անց: Խոսքը տարիների մասին է, ու վրացիներն ու ուկրաինացիները խոստովանում են դա»,-ասել է Ֆրիդը:

Նա փաստորեն չի թաքցրել, որ Բուշի վարչակազմը հույսեր չի տածում, թե առաջիկայում Բրյուսելում կայանալիք նիստում որոշում կկայացվի Թբիլիսիին ու Կիեւին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրում ընդգրկելու վերաբերյալ, քանի որ դրան կտրուկ դեմ են եվրոպացի դաշնակիցները: «Բանավեճերն այս հարցի շուրջ արդեն սկսել են ապրել սեփական կյանքով, մինչդեռ, Ուկրաինայի ու Վրաստանի ընդգրկումն այդ պլանում այդ փաստաթղթի մշակման վերջնական նպատակը չէր»,-հայտարարել է պետքարտուղարի օգնականը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: