Հայկական ծագմամբ իտալացի խոհարար Միշա Սուքիասը «Բեռնատարի վարորդները տրատորիայում» (Camionisti in Trattoria) խոհարարական հեռուստաշոուի նոր հաղորդավարն է, տեղեկացնում է Vanityfair-ը:
Տրատորիան իտալական ոճի հաստատություն է, որտեղ ավանդաբար պահպանվում են ամենօրյա հյուրասիրության և մատուցման սկզբունքները, մատուցվում են ուտելիքներ ցածր գներով և մեծ չափաբաժիններով: Օրինակ՝ գինին մատուցվում է գրաֆինով, տպագիր ճաշացանկ չկա, մատուցվում են առօրյա ճաշատեսակներ: Ներկայումս տրատորիաներն ինչ-որ չափով նմանվել են ռեստորանների:
Սուքիասը միացել է 2018-ից Nove TV-ով հեռարձակվող շոուի չորրորդ եթերաշրջանին՝ փոխարինելու հանրահայտ Շեֆ Ռուբիոյին (Գաբրիելե Ռուբինի):
Խոհանոցային շոուի ձևաչափը շատ չի փոխվել՝ բեռնատարների վարորդները կշարունակեն մնալ հաղորդման անբաժան մասը:
Սուքիասը, Ռուբիոյի նման, ամեն հաղորդմանը պետք է քաղաքից քաղաք տեղափոխվի երեք վարորդի հետ, ովքեր նրան կտանեն իրենց սիրելի տրատորիան: Այնտեղ հաղորդավարը պետք է համտեսի ոչ թանկ ու ավանդական ուտեստներ և յուրաքանչյուր տուրի վերջում ընտրի հաղթողին:
Սուքիասի հայրը հայ է, մայրը՝ իտալացի: Միշա Սուքիասն աշխատել է Կարլո Կրակկոյի հետ Hell's Kitchen-ի իտալական տարբերակի վրա: