Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ խոսել է Հայաստանում Mitsubishi Heavy Industries-ի առաջատար տեխնոլոգիաների, փորձի կիրառման հնարավորությունների մասին: Նրանք քննարկել են նաև փոխգործակցության հնարավորությունները:
Շունիչի Միանագան նաև Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ է:
Անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որի նպատակն է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման վրա, զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կարող են գործակցել։
Նախագահ Սարգսյանը և Շունիչի Միանագան մտքեր են փոխանակել նաև միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ:
Mitsubishi Group-ն աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից է:
Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: