27 նոյեմբերի 2008 - 15:02 AMT
Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը. Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում
Եվրամիությունը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մոսկովյան հռչակագրի կնքումը Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների կողմից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Եվրամիությունն ու Հարավային Կովկասը. Անվտանգ գործընկերությո՞ւն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը: «Մենք համոզված ենք, որ այս փաստաթղթի ստորագրումը լավ հիմք է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացը շարունակելու համար եւ ցանկանում եմ նշել, որ Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է` բանակցությունները պետք է շարունակվեն բացառապես ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում»,-հայտարարել է դեսպանը` հավելելով, որ ԵՄ-ն սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ հուսով է, որ այն կկարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի ու Իլհամ Ալիեւի հանդիպման ավարտին ընդունվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների ու այդ շրջանակներում ընդունված փաստաթղթերի եւ որոշումների հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տնտեսական զարգացման եւ տարածաշրջանում համակողմանի համագործակցության համար: