25 հունվարի 2020 - 17:18 AMT
Տիեզերագնացներն առաջին անգամ թխվածքաբլիթներ են պատրաստել տիեզերքում

Աստղագնացներ Քրիստինա Կոխն ու Լուկա Պարմիտանոն պատմության մեջ կմտնեն որպես տիեզերքում առաջին անգամ թխվածքաբլիթ պատրաստած տիեզերագնացները, գրում է Meduza-ն։

Դեկտեմբերի վերջին, Սուրբ Ծննդյան տոներից առաջ, նրանք 5 թխվածքաբլիթ են պատրաստել, սակայն ուտել չեն կարողացել, քանի որ պետք է ուղարկեին Երկիր՝ SpaceX կապսուլայով։ Պարզվել է, որ տիեզերքում բլիթներ պատրաստելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր, քան Երկրի վրա, որտեղ այդ գործողությունը մոտ 20 րոպե է տևում՝ Ցելսիուսի 150 աստիճանում։

Առաջին տիեզերական թխվածքաբլիթը վառարանում պահել են մոտ 25 րոպե, սակայն խմորը հում է մնացել։ Երկրորդը պահել են 75 րոպե՝ ավելի լավ է ստացվել, բայց միևնույն է, այն չէր։ Հաջորդ բլիթները թխելու համար ավելի երկար են պահել վառարանում։ 4-րդ և 5-րդ բլիթները, որոնք ամենահաջողն էին տեսքից, թխել են 120 և 130 րոպե։

Թխվածքաբլիթներով կապսուլան Երկիր է հասել հունվարի 7-ին, սակայն արդյունքների մասին հայտարարվել է միայն 2 շաբաթ անց։ Դրանք մանրակրկիտ ուսումնասիրվել են լաբորատորիայում՝ իմանալու համար, թե արդյոք տիեզերքում պատրաստված բլիթները վնասակար չեն։