Չինաստանում տարածում ստացած 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Գերմանիայում։ Այդ մասին հայտնել է Բավարիա դաշնային շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Վիրուսը հայտնաբերվել է Շտարնբերգ քաղաքային շրջանում, մի տղամարդու մոտ։ Նա այժմ մեկուսացված է և բավարար կլինիկական վիճակում է, գրում է ՌԲԿ-ն։
Վարակվածի ընտանիքի անդամներն ու նրա հետ շփված անձինք տեղեկացվել են կանխարգելիչ միջոցների, վիրուսի տարածման ուղիների և ախտանշանների մասին։
Վիրուսը սկսել է տարածվել 2019-ի դեկտեմբերից՝ կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքից։ Այժմ Չինաստանում մոտ 4500 հիվանդ կա, հաստատվել է մահվան 100 դեպք, իսկ 57 մարդ ապաքինվել է։ Կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Նեպալում, Թաիլանդում, Ավստրալիայում, Սինգապուրում։