30 հունվարի 2020 - 15:26 AMT
Գրետա Թունբերգը կպատենտավորի իր անունը

Շվեդացի ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է իր անունով ապրանքանիշերի և իր նախաձեռնած դպրոցականների շարժման անվանումը գրանցելու մեկնարկի մասին:

«Իմ անունն ու շարժումն օգտագործում են կոմերցիոն նպատակներով առանց իմ համաձայնության: Այս գործողությունները կպաշտպանեն շարժումն ու դրա գործունեությունը»,- ասել է նա՝ պարզաբանելով գրանցման հայտը:

Ըստ Թունբերգի՝ նա մտադիր է իր անունով պատենտավորել առևտրային նշաններ, ի պաշտպանություն կլիմայի իր նախաձեռնած դպրոցականների միջազգային շարժման անվանումը՝ Fridays For Future, որի շվեդական անվանումն է Skolstrejk for klimatet, գրում է «Վեդոմոստին»:

2019-ին 17-ամյա շվեդացի ակտիվիստը ճանաչվել էր «Տարվա մարդ»: Այդ անվանակարգում նա առաջ էր անցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինից:

Թունբերգը հայտնի դարձավ, երբ սկսեց գործադուլ անել Ստոկհոլմի խորհրդարանի առջև՝ հրաժարվելով ուրբաթ օրերը դպրոց հաճախելուց այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական գործիչները չեն լսել իրեն և չեն սկսել կատարել Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը:

Թունբերգը ելույթ էր ունեցել Նյու Յորքում՝ կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ գագաթնաժողովում՝ իր զգացմունքային խոսքում անգործության մեղադրանք ներկայացնելով քաղաքական գործիչներին: