Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Կարին Շտրենցին, որը մեղադրվում էր կաշառքի դիմաց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի համար լոբբիստական աշխատանք կատարելու մեջ։
Շտրենցը կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատների միության անդամ էր։
Շտրենցն այն նույն պատգամավորն է, ում 2019-ին Բունդեսթագը պարտավորեցրել էր 20,000 եվրո տուգանք վճարել Ադրբեջանի շահերը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) պաշտպանելու համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հետաքննության շրջանակում հունվարի 30-ին Գերմանիայի դատախազության քրեական գործերի դաշնային գործակալության, նաև Բելգիայի ոստիկանության աշխատակիցները խուզարկել են պատգամավորին պատկանող 16 օբյեկտում։
Խուզարկվել է Բունդեսթագի նրա աշխատասենյակը, Բեռլինում նրա անձնական բնակարանը, բնակելի տարածքներ, գրասենյակներ և փաստաբանական գրասենյակներ Բեռլինում, Բավարիայում և Բելգիայում։
Այս գործով անցնում է նաև Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Ներքին գործերի նախարարությունում խորհրդարանական նախկին պետական քարտուղար Էդուարդ Լինտերը։ Վերջինս, ըստ դատախազության նյութերի՝ 2008-16-ին Ադրբեջանից մոտավորապես 4 մլն եվրո է ստացել բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով, որոնք հաշիվներ են ունեցել Բալթյան երկրների բանկերում։ Այդ գումարի զգալի մասը նա փոխանցել է ԵԽԽՎ-ի անդամ որոշ պատգամավորների, որոնք դրա դիմաց պետք է դրական արտահայտվեին Ադրբեջանի ընտրությունների մասին և դեմ լինեին քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջներին։
Գերմանիայում ևս մեկ կասկածյալ կա կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը պաշտպանելու գործում, բայց նրա անունը նախաքննությունը դեռ չի բացահայտում։ Նա մեղադրվում է կեղծ ընկերություններ հիմնելու և իր փաստաբանական գրասենյակի բանկային հաշիվների միջոցով ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար Ադրբեջանից դրամական փոխանցումներ կատարելու մեջ։
Կարին Շտրենցը Բունդեսթագի պատգամավոր է 2009-ից։ 2014-2015 թվականներին նա 30 հզր եվրո էր ստացել Line M-Trade լոբբիստական կազմակերպությունից, որը ղեկավարում էր Էդուարդ Լինտերը։