31 հունվարի 2020 - 16:56 AMT
ՌԴ-ում կորոնավիրուսով 2 հիվանդ է հայտնաբերվել

Ռուսաստանում առաջին անգամ կորոնավիրուսով 2 հիվանդ է հայտնաբերվել: Նրանք Չինաստանի քաղաքացիներ են, հայտնել է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան:

Հիվանդները Զաբայկալյեից և Տյումենի շրջանից են, հայտնում է Interfax-ը:

ՌԴ-ն նաև սահմանափակել է ավիահաղորդակցության բոլոր ուղղությունները Չինաստանի հետ՝ բացառությամբ «Աերոֆլոտի» չվերթները Պեկին, Շանհայ, Գունաչժոու և Հոնկոնգ:

Ըստ Գոլիկովայի՝ ՌԴ-ն տարհանում է ռուսաստանցիներին չինական Ուհանից և Հուբեյ նահանգից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել էր վիրուսը: Ռուսաստանը նաև կսահմանափակի Մոնղոլիայի հետ սահմանի հատումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 7834 մարդ է հիվանդացել: Ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում՝ 7736 դեպք, մյուս 98-ը՝ աշխարհի 18 երկրում: Փորձագետները հաստատել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման 8 դեպք: Ծանր վիճակում է 1370 մարդ, 213 հիվանդ մահացել է: