31 հունվարի 2020 - 17:03 AMT
ՀՀ-ն 2 ամսով կասեցնում է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ

Հայաստանը 2 ամսով կասեցնում է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020-ի փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը»,- նշել է նա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 7834 մարդ է հիվանդացել: Ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում՝ 7736 դեպք, մյուս 98-ը՝ աշխարհի 18 երկրում: Փորձագետները հաստատել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման 8 դեպք: Ծանր վիճակում է 1370 մարդ, 213 հիվանդ մահացել է:

Հունվարի 19-ին ուժի մեջ էր մտել ՀՀ և Չինաստանի միջև մուտքի արտոնագրերի չեղարկման մասին համաձայնագիրը: Դրանով երկու երկրի քաղաքացիները ՀՀ կամ Չինաստան մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում էին վիզայի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածում: