29 նոյեմբերի 2008 - 15:29 AMT
Միխաիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ օգոստոսին պատերազմը Վրաստանն է սկսել
«Այո, մենք որոշեցինք ռազմական գործողություններ սկսել Ցխինվալում վերահսկողություն հաստատելու նպատակով: Դա դժվարին որոշում էր մեզ համար, սակայն դա որոշում էր, որ կայացվեց հայրենիքն ու խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,-հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին` պատասխանելով օգոստոսյան իրադարձությունները ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի հարցերին: Նրա խոսքերով, վրացական կողմը «ետ էր մղում ռուսական ագրեսիան եւ ինտերվենցիան»:
«Դա գործողություն էր օրինականության եւ իրավունքի սահմաններում: Մեզ հայտնի դարձավ, որ ռուսական ծանր տեխնիկա ու զինված կենդանի ուժ է կուտակվել է Ռոքի թունելի մոտ: Ռուսական կողմն ապօրինաբար խախտել էր վրացական սահմանը: Այս փաստը ռուսական կողմը հետո հերքեց: Լայնածավալ ներխուժման շեմին, օգոստոսի 6-ին, մեզ մոտ խաղաղապահներ սպանեցին, ռմբակոծեցին վրացական եւ ոչ վրացական գյուղեր: Նման պայմաններում պետք է հարց բարձրացվեր ոչ թե այն մասին, թե վարում ենք արդյոք ռազմական գործողություններ, այլ այն մասին, թե ժողովրդավարական որ երկրի ղեկավարությունը կհաշտվեր սեփական խաղաղ բնակչության դաժան ոչնչացման հետ: Պատերազմում էինք, ետ մղելու համար ռուսական ներխուժումը եւ դա օրինականության եւ իրավունքի սահմաններում»,-հայտարարել է Վրաստանի նախագահը, հաղորդում է Գրուզիա-Online-ը:
«Մենք բազմիցս ենք զգուշացրել մեր գործընկերներին, որ Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում Վրաստանի դեմ, սակայն նրանք լռության էին մատնում այդ թեման»,-ասել է նա: Սակայն, նրա խոսքերով, Արեւմուտքում ոչ ոք չհավատաց, թե Ռուսաստանը կգնա «նման մասշտաբի ինտերվենցիայի»: Վրաստանի նախագահն ընդգծեց նաեւ, որ «չի դատապարտում արեւմտյան գործընկերներին այն բանի համար, որ նրանք մինչեւ վերջ չէին հավատում նման ծավալի ներխուժման»: