5 փետրվարի 2020 - 12:05 AMT
ՀՀ քաղաքացին տարհանվել է Չինաստանից և տեղափոխվել ՌԴ

Փետրվարի 4-ին Չինաստանի Ուհանում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած Հայաստանի քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նա տարհանվել է Ռուսաստանի հետ գործակցության արդյունքում:

«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Ներկա պահին տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից»,- նշել են ԱԳՆ-ում:

Փետրվարի 4-ի տվյալներով կորոնավիրուսից Չինաստանում մահացել է 426 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ:

Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատելու կոչին փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել է ՀՀ մոտ 600 քաղաքացի, որոնց տվյալները ՀՀ դեսպանությունը գրանցել է: Կարանտինի գոտում 11 ՀՀ քաղաքացի կար, որոնցից 2-ն արդեն տարհանվել էին, մյուս ՀՀ քաղաքացիները հրաժարվել էին այդ հնարավորությունից: