5 փետրվարի 2020 - 16:39 AMT
«Իմ քայլը» ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու օրինագիծ է մշակել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ենթադրում է ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունների դադարեցում:

Առաջարկվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

213-րդ հոդվածը Սահմանադրության անցումային դրույթ է:Ներկայիս մշակմամբ այն պահպանում է 2005-ի փոփոխությունների նորմերը ՍԴ նախագահի ու անդամների համար, ինչը նշանակում է, որ ՍԴ գործող նախագահը՝ Հրայր Թովմասյանը, պաշտոնավարելու է մինչև 2035-ը։

Որպես հիմնական զեկուցող առաջարկվել է Վահագն Հովակիմյանը:

«Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»,- ասվում է նախագծում:

2-րդ հոդվածով նախատեսվում է Սահմանադրության այս փոփոխությունն ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկված փոփոխության նպատակը «Սահմանադրական դատարանի կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը և 2015-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձևավորումն է»:

2019-ի դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»՝ նոտարական գրասենյակների տարածքների սեփականաշնորհման հետքերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Թովմասյանն իր դեմ հետապնդումն անհիմն է համարում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թովմասյանին մեղադրել էր իրեն քծնելու մեջ, իսկ վերջինիս՝ ապացույցներ ներկայացնելու պահանջից հետո որպես այդպիսին բերել էր նրա կողմից նվեր ստացված գրիչը։ Թովմասյանը հայտարարել էր, որ մտորում է վարչապետին իր հայտարարության կապակցությամբ դատի տալու վերաբերյալ։ Իշխանական տարբեր ներկայացուցիչներ մեղադրում են Թովմասյանին իշխանության ուզուրպացման մեջ, նա ու նախկին ղեկավարության ներկայացուցիչները համարում են ՍԴ վրա «գրոհը» քաղաքականապես մոտիվացված։