6 փետրվարի 2020 - 17:45 AMT
Չինաստանում բժիշկը 10 օր պայքարել է կորոնավիրուսի տարածման դեմ և մահացել գերհոգնածությունից

Չինաստանում երիտասարդ բժիշկը 10 օր անընդմեջ պայքարել է կորոնավիրուսի տարածման դեմ և մահացել գերհոգնածությունից: 28-ամյա Սուն Ինձեն աշխատում էր հիվանդանոցում, Հունան գավառում, որը սահմանակից է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Հուբեյին:

Ինձեի պարտականությունների մեջ էր մտնում ճանապարհով անցնող մարդկանց ինքնազգացողությունը ստուգելը: Բժիշկը հունվարի 25-ից օրը 24 ժամ դրանով էր զբաղված, գրում է Lenta.ru-ն՝ The Mirror-ին հղումով:

Փետրվարի 3-ի առավոտյան Ինձեն վերադարձել է հանրակացարան և մահացել: Նրա 29-ամյա քույրն Ուհանում է, արդեն 2 շաբաթ կարանտինի մեջ է: Աղջիկն իրեն է մեղադրում, որ չի կարողացել հեռանալ Ուհանից մինչև քաղաքի փակվելը և չի սատարել եղբորը դժվար պահին:

Փետրվարի 6-ի տվյալներով Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 563-ի, վիրուսով վարակվածներինը գերազանցում է 28,000-ը: Համաճարակից ամենամեծ մահացությունը գրանցվել է հենց Ուհանում: