3 դեկտեմբերի 2008 - 14:28 AMT
ՀՀ սփյուռքի նախարարությունը մշակում է Լատինական Ամերիկայի հայերին աջակցելու ծրագիր
ՀՀ սփյուռքի նախարարությունը մշակում է Լատինական Ամերիկայի հայերին աջակցելու ծրագիր: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքերով, այդ ծրագիրն առաջին հերթին կնպաստի համայնքներում մշակութային եւ կրթական խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ ենթադրում է ուսուցիչների փոխանակում եւ այդ երկրների հայ համայնքներում հատուկ դասընթացների անցկացում:

«Լատինական Ամերիկայի հայ համայնքը շատ է տարբերվում այլ երկրների հայ համայնքներից: Այդ համայնքները շատ հեռու են Հայաստանից, եւ նրանց օտարացման վտանգը կա: Այդ երկրներ իմ այցի ընթացքում ես տեսա տեղի հայերի հիացմունքն ու հույսը սփյուռքի նախարարության ստեղծման առիթով: Նրանք պատրաստակամություն հայտնեցին ամեն կերպ օգնել եւ սատարել նախարարության նախաձեռնություններին»,-ընդգծել է Հ.Հակոբյանը` հավելելով, որ նախարարության աշխատակիցներն արդեն ստացել են հանձնարարություններ եւ պատրաստ են ակտիվ աշխատել: Նրա խոսքերով, տվյալ փուլում կատարվում է նախարարության աշխատակիցների համալրում եւ ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ այդ գործընթացը կավարտվի:

«Բացի այդ, նախարարությունը բանակցում է աշխարհի 120 հայ համայնքների հետ այնտեղից տեղեկատվություն ստանալու վերաբերյալ: Որոշակի տեղեկություններ ունենալով հայ համայնքների վիճակի վերաբերյալ, մենք կկարողանանք նրանց հետ համագործակցության կոնկրետ ծրագրեր մշակել»,-հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարարը:

Ինչպես հաղորդել է Հ.Հակոբյանը, շուտով պատրաստ կլինի նաեւ գերատեսչության վեբ-կայքը եւ օնլայն պարբերականը: «Մշակույթի, երիտասարդության եւ սպորտի, գիտության եւ կրթության նախարարությունների հետ մենք մշակում ենք հայրենադարձության մի շարք ծրագրեր: Մենք բանակցում ենք սփյուռքահայ դիմորդների համար Հայաստանի բուհերի ընդունելության կարգի պարզեցման շուրջ, ինչպես նաեւ քննարկում ենք քաղաքացիություն ստանալու գործընթացի պարզեցման հարցը»,-ասել է ՀՀ սփյուռքի նախարարը: