3 դեկտեմբերի 2008 - 15:13 AMT
Հայկական բուհերի ուսանողները դատապարտել են հայկական եկեղեցիների պղծումը Վրաստանում
Հայաստանի բոլոր բուհերի շուրջ 2 հազար ուսանողներ այսօր հավաքվել էին ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի մոտ, որտեղ իրենց բողոքն են հայտնել Վրաստանում հայկական եկեղեցիների ավերման եւ վրացական կառավարության անտարբերության դեմ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ակցիայի մասնակիցներն իրեցն ելույթներում դատապարտել են Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների գործունեությունը եւ պահանջել են դադարեցնել վանդալիզմը Վրաստանի հայկական մշակութապատմական հուշարձանների հանդեպ:

Բողոքի ցույցի մասնակիցները երթով անցել են Հանրապետության հրապարակով եւ Երեւանի կենտրոնական փողոցներով դեպի Երեւանում Վրաստանի դեսպանատուն, որից հետո ուսանողական կազմակերպությունների ղեկավարները Հայաստանում Վրաստանի դեսպանին են փոխանցել բաց նամակը` ներկայացնելով իրենց պահանջները:

Նոյեմբերի 16-ին Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիքինչելաշվիլին բանվորների հետ, բուլդոզերի օգնությամբ, սկսել էր քանդել Թբիլիսիի Նորաշեն հայկական եկեղեցու մոտ գտնվող Միխաիլ եւ Լիդիա Թամամշեւների գերեզմանները: Թիֆլիսահայերի վրդովված ամբողխը պահանջել է վերադարձնել շիրմաքարերն իրենց տեղը, լեզվակռիվ է ծավալվել: Հայր Տարիելը վիրավորական արտահայտություններ է արել հայերի հասցեին, ընդգծելով, որ «հայերը հակված են ամեն ինչ իրենց վերագրել», իսկ երբ ժամանել են ՀԱԵ-ի թեմի ներկայացուցիչները եւ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրտը, վրացի եկեղեցականը սկսել է արդարանալ նրանով, թե ժամանակավոր էր տեղափոխում քարերը, եկեղեցու բակը բարեկարգելու նպատակով, իսկ ավելի ճիշտ` «շիրմաքարերի տակ մաքրելու նպատակով...»: