14 փետրվարի 2020 - 18:30 AMT
TPS. Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի հայկական թաղամասը

Թուրքիան ակտիվ գործունեություն է ծավալում Երուսաղեմում Հայոց ցեղապանության ժխտման և Հին քաղաքում հայկական գույքի ձեռքբերման ուղղությամբ, հայտնում է իսրայելական TPS գործակալությունը:

Տեղաբնակաները պատմել են, որ վերջին տարիներին թուրք պաշտոնյաները փորձել են համոզել իրենց ժխտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը և փորձել ձեռք բերել տեղի քրիստոնյաներին պատկանող գույքը, գրում է The Jewish Press-ը:

Բնակիչներից մեկի խոսքով՝ մի թուրք դիվանագետ տեղի ընտանիքներից մեկին, որը հազվագյուտ լուսանկարների և Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի թանգարան ունի, առաջարկել է դադարեցնել իր գործունեությունը և խուսափել տեղեկությունների տարածումից:

Նշվում է նաև, որ մի քանի ամիս առաջ Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչներին զարմացրել է իրենց տներից մեկի՝ իրական արժեքից 3 անգամ բարձր գնով վաճառվելը:

Հետաքննությամբ պարզվել է, որ հայկական գույքի գնումը ֆինանսավորվել է Թուրքիայից:

Միջադեպից հետո համայնքի առաջնորդները հանդիպել են՝ հասկանալու իրադարձությունների շղթան և կանխելու հայկական գույքի վաճառքը թուրքերին:

Հայկական թաղամասում սեփականություն ունեցողները նշել են, որ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները վերջերս դրամաշնորհներ են առաջարկել որոշակի կարիքների բավարարման համար, սակայն մերժվել են հայ համայնքի բնակիչների կողմից:

Վերջիններս ասում են, որ «դրանք լռության դրամաշնորհներ են», որոնք տրամադրվում են 1915–1917-ի կոտորածներում Թուրքիայի կառավարության մեղքը թաքցնելու համար:

Հայոց ցեղասպանությունն իրագործվել է Օսմանյան կայսրությունում՝ 1915-23 թվականներին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է վեց հայկական վիլայեթի բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվել է աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: