14 փետրվարի 2020 - 12:49 AMT
Վանաձորի կեսից ավելին ու հարակից գյուղերը ջրազրկվել են. Ջրատարը վնասվել է

Վանաձորի մոտ 60%-ն ու հարակից գյուղերը ջրազրկվել են՝ ժայռաբեկորը վնասել է ջրատարը: Ջրատար խողովակը վնասվել է Վահագնաձոր գյուղի մոտակայքում, ջուրը սկսել է ուժեղ շիթով լցվել մայրուղի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 20-րդ կմ-ին՝ մոտակա ժայռից քարաթափում է եղել, ինչի հետևանքով մոտ 2-3 մխ չափի ժայռաբեկորները (30-40 մխ ընդհանուր ծավալով) ընկնելով վնասել են Վանաձորը սնուցող ջրատար խողովակը (1000 մմ տրամաչափի), որի հետևանքով էլ վնասվել է ճանապարհի մի մեծ հատված. երթևեկությունը դարձել է միակողմանի։

Արդյունքում Վանաձորի (մոտ 60%-ի), Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Գուգարք, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ գյուղերի ջրամատակարարումը դադարեցվել է ու կվերականգնվի փետրվարի 15-ին՝ ժամը 08:30-ին: