17 փետրվարի 2020 - 15:51 AMT
Հայ մարզիկներն արծաթ են նվաճել ջրացատկի FINA-ի Գրան պրիում

Հայ դայվերներ Վլադիմիր Հարությունյանն ու Վարդան Բայանդուրյանը փետրվարի 16-ին երկրորդ տեղն են գրավել և արծաթե մեդալ նվաճել ջրացատկի Գրան պրի մրցաշարում, որի կազմակերպիչը Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) է:

Հայ ջրացատկորդներն արծաթ են նվաճել 10 մետրից սինքրոն ցատկերի մրցաձևում: Զուգացատկի հայկական զույգը 332,76 միավոր է հավաքել, գրում է CBC-ն:

Առաջին տեղում կանադական զույգն է՝ Լորան Գոսսելինի-Պարադիսն ու Իթան Փիթմանը, երրորդում՝ իտալացիներ Ջուլիան և Մայքոլ Վերզոտտոնները

FINA-ի Գրան պրիի առաջին փուլը սկսվել էր փետրվարի 14-ին՝ իսպանական Մադրիդում. դա 8 փուլից միայն մեկն է: Մրցումներն անցկացվում են 5 մայրցամաքում և կավարտվեն նոյեմբերին՝ Ավստրալիայում: Գրան պրիի հաջորդ փուլը կանցնի Գերմանիայի Ռոստոկ քաղաքում փետրվարի 20-ին:

FINA-ն՝ Լողի միջազգային ֆեդերացիան, միավորում է ազգային լողի ֆեդերացիաների մեծ մասն ու նախանշում ջրային որոշ մարզաձևերի զարգացման հիմնական ուղղությունները: Ներկայումս այդ մարզաձևերն են՝ լող, ջրացատկ, սինքրոն լող, ջրային պոլո, լող բաց ջրում: Կազմակերպությունը ճանաչված է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից: