Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական ոստիկանությանը խիստ ցուցումներ է տվել՝ շեշտելով կարգապահության ամրապնդման հարցի կարևորությունը և պահանջելով կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը:
Այդ մասին նախարարն ասել է խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են զինծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, ներկայիս օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող հարցեր:
Տոնոյանը նաև մի քանի կադրային որոշում է կայացրել՝ պաշտոններից ազատելով մի քանի բաժնի պետերի:
Նախարարը ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:
Զինված ուժերում 2020-ին գրանցված մահվան դեպքերը լայն քննարկման առիթ են դարձել: ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր հնարավոր պաշտոնանկությունների մասին: Ավելի ուշ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանն ու Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին աշխատանքից: