6 դեկտեմբերի 2008 - 14:40 AMT
Նորայր Մուրադյան. Ստացվում է, որ մենք ոչ թե օգնել, այլ խանգարել ենք Սպիտակի երկրաշարժի գոտու վերականգնմանը
«Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Հայաստանի ԽՍՀ իշխանությունները Մոսկվայից մոտ 4 միլիարդ սովետական ռուբլի ստացան: Այդ գումարից 2 միլիարդը ներդրվեց ԽՍՀՄ խնայողական բանկեր, բայց Խորհրդային Միության փլուզումից հետո այդ գումարը կորավ: Հետեւաբար, հարյուրավոր ընտանիքներ այդպես էլ անօթեւան մնացին: Ստացվում է, որ մենք ոչ թե օգնել ենք, այլ ինքներս ենք խանգարել երկրաշարժի գոտու վերականգնմանը»,- այսօր կայացած մամլո ասուլիսին հայտնել է 1988թ. Սպիտակ քաղաքի շրջկոմի ղեկավար Նորայր Մուրադյանը:
Ինչպես հաղորդել է Մուրադյանը, Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանին հատկացված արտասահմանյան օգնությունը միայն կազմել է ավելի քան $40 միլիոն, որից $10 միլիոնը պարզապես կորել է: «Աղետի գոտու բնակչությունը չգիտի, թե ուր են կորել իրենց տների վերականգնման համար հատկացված փողերը: Կորուստի պատճառների բացահայտման համար մենք արդեն դիմել ենք ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին: Քանի որ Ռուսաստանի իշխանությունները եւ արդեն անկախ Հայաստանի իշխանությունները ԽՍՀՄ իրավահաջորդներն են, նրանք պետք է բացատրություն տան եւ վերադարձնեն այդ գումարները»,- հայտնել է Սպիտակ քաղաքի շրջկոմի առաջին քարտուղարը` ավելացնելով, որ Ռուսաստանի վարչապետին առաջարկվել է ստեղծել շինարարական կազմակերպություն, որը կմասնակցի ավերված քաղաքների եւ գյուղերի վերականգնմանը:
Ինչպես հաղորդել է Մուրադյանը, Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ «Մոսկովյան կազմակերպչական կոմիտեն» հրատարակել է «Սպիտակի հուշարձան» գիրքը, որում ներկայացված են 1988թ. երկրաշարժի փաստերն ու տվյալները:
«Բացի այդ, «Մոսկովյան հուշարձանային համալիրի» նախաձեռնությամբ մոտակա հինգ տարիների ընթացքում կավարտվեն «Սպիտակի հուշարձանի» կառուցման աշխատանքները, որն իր մեջ ընդգրկում է եկեղեցի, ժամատուն, Երկրաշարժի թանգարան: Զոհված ռուս փրկարարների հիշատակին հուշարձանային համալիրում կկանգնեցվի ուղղափառ խաչը, որը օրհնվել էր Մոսկովյան եւ Ամենայն Ռուսիո Հայրապետ Ալեքսիյ Երկրորդի կողմից»,- հայտնել է Նորայր Մուրադյանը: