Եվրոպական մի շարք երկրներ հայտարարել են իրենց մոտ կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին, որոնք հիմնականում կապված են Իտալիայում բռնկված վիրուսի հետ, հայտնում է BBC-ն:
Ավստրիան, Խորվաթիան և Շվեյցարիան նշել են, որ դեպքերը կապված են Իտալիայում, ինչպես նաև Ալժիրում հիվանդության բռնկումների հետ:
Կորոնավիրուսի առաջին դրական թեստն է գրանցվել Հարավային Ամերիկայում՝ Բրազիլիայի մի քաղաքացու մոտ, ով նոր է վերադարձել Իտալիայից:
Վերջինս եվրոպական այն երկիրն է, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը՝ 300-ից ավելի վարակակիր և 11 մահ:
Չնայած դրան, Իտալիայի հարևան երկրները որոշել են, որ սահմանները փակելը «անհամաչափ» կլինի:
Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի առողջապահության նախարարները և Եվրահանձնաժողովը որոշել են բաց պահել սահմանները, քանի որ վարակի նոր դեպքեր գրանցվել են ամբողջ Եվրոպայում ու նաև Իտալիայի հարավում:
Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 2700-ը: Վարակակիրների ընհանուր թիվն այդ երկրում գերազանցում է 78,000-ը: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 80,000 մարդ: ԱՀԿ-ն փետրվարի 25-ին կոչ էր արել պատրաստվել կորոնավիրուսի «պոտենցիալ պանդեմիայի»՝ վիրուսի համաշխարհային տարածման: