Վրաստանի կառավարության որոշմամբ Ադրբեջանի հետ սահմանը 2 շաբաթով փակվել է, փոխանցում է Turan.az-ը:
Նման որոշում կայացվել է, երբ փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը․ վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը ժամանել Իրանից Ադրբեջանի տարածքով։
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկրում խուճապ չկա, իրենք ձեռնարկում են միջոցառումներ, որ երկրում համաճարակ չլինի:
Տիկարաձեն նշել է, որ կորոնավիրուսվ վարակված քաղաքացու վիճակը նորմալ է, իսկ երկիրը լիովին պատրաստ է համաճարակի բռնկման դեմ պայքարին:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Տիկարաձեի հետ և տեղեկացել, որ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ պացիենտի հետ շփված 4 անձի մոտ հետազոտության արդյունքում վարակ չի հայտնաբերվել: