27 փետրվարի 2020 - 12:28 AMT
Պուտինը պատմել է, որ իրեն առաջարկել են նմանակ ունենալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չունի նմանակ: Նա ասել է, որ նման գաղափար առաջացել էր 2000-ականների սկզբին, «ահաբեկչության դեմ պայքարի ամենածանր շրջանում», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, առաջարկվել էր, որ նմանակը փոխարինի Պուտինին միջոցառումների ժամանակ, այն վայրերում, որտեղ նախագահի համար գտնվելն անվտանգ չէր:

Պուտինին նախկինում էլ են բազմիցս նման հարց ուղղել:

2001-ին ՌԴ ղեկավարի նմանակի առկայության մասին հարց էր տվել Կոստրոմայի շրջանի մի բնակչուհի: Նա նշել էր, որ նա մշտապես շփվում է քաղաքացիների, այլ պետությունների ղեկավարների հետ, «ամեն օր թռիչքներ է ունենում: Կինը հարցրել էր. « Գուցե նմանակ ունե՞ք: Ե՞րբ եք հանգստանում»: Պուտինը պատասխանել էր, որ նման բան չկա: Նմանատիպ հարց էին ուղղել Պուտինին նաև 2009-ին՝ Սոչիում, երբ Մեդվեդևի հետ նա դուրս էր եկել զբոսանքի առափնյա ճեմուղում: