28 փետրվարի 2020 - 15:10 AMT
ՀԱԷԿ-ի արդիականացումը ժամանակցույցից հետ է ընկել

Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից, հայտարարել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

Նա Երևանում մասնակցում է «Ատոմային արդյունաբերության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկմանը։

Ըստ Սվիրիդենկոյի՝ Մեծամորի ատոմակայանի արդիականացման համար Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկից արդեն իսկ ծախսվել է մոտ 200 միլիոնը, սակայն վարկային այդ պայմանագրի երկարաձգման համար բանակցությունները դեռ չեն ավարտվել, արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից, տեղեկացնում է CivilNet-ը:

2019-ի դեկտեմբերին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ռուսական վարկի ժամկետի երկարաձգման մասով Մոսկվայի հետ բանակցություններն ավարտվել են դրական:

Նախատեսված էր, որ արդիականացման աշխատանքները պետք է ավարտվեին 2019-ին, սակայն դրանք երկարաձգվելու են մինչև 2021-ի ավարտը:

Այժմ պարզվում է, որ կողմերը դեռ չեն ստորագրել վարկի երկարաձգման մասին պայմանագիրը, որով հնարավորություն կտրվի ՀԱԷԿ-ի արդիականացման գործընթացը երկարաձգել միչև 2021-ը: Պատճառները հայտնի չեն:

«Այս հարցերը շարունակում են քննարկվել, և դրանք լուծված չեն: Բանակցությունները շարունակվում են»,- ասել է Յուրի Սվիրիդենկոն՝ հավելելով, որ նոր համաձայնագրով Հայկական ատոմակայանի արդիականացման աշխատանքները պետք է ավարտվեն 2021-ին, սակայն այս հարցում դեռ առաջընթաց չկա, քանի որ միջպետական մակարդակում այն դեռ կարգավորված չէ:

Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ 1988-ի երկրաշարժից հետո ատոմակայանը ապագործարկվեց և կրկին գործարկվեց 1995-ին՝ մեկ էներգաբլոկով։ Տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021-ը։ Հայաստանի կառավարությունը դիտարկում է նաև այդ ժամկետը մինչև 2026 երկարաձգելու հնարավորությունը։