9 դեկտեմբերի 2008 - 15:20 AMT
Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը միանգամայն իրական է
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ողջ գործընթացի հիմնական նպատակը հենց իր` Թուրքիայի կողմից այդ փաստի ճանաչումն է: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստն արդեն իրականություն է: Այդ գործընթացն արդեն գտնվում է այն փուլում, երբ մնացել է, որպեսզի այդ փաստը ճանաչի թուրք հասարակությունն ու կառավարությունը: Իհարկե, վերջին տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որեւէ բանաձեւեր չեն ընդունվել, բայց այսօր իրական է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հավանականությունը ԱՄՆ նոր վարչակազմի կողմից»,- հայտնել է Մանոյանը` ավելացնելով, որ հիմա արդեն Թուրքիային խորհուրդ են տալիս անհապաղ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` Վաշինգտոնի կողմից նման քայլը կանխարգելելու համար:

«ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբամայի հայտարարություններն ու խոստումները, որոնցով նա հանդես է եկել նախընտրական քարոզարշավի ժամանակ, եւ ԱՄՆ նոր վարչակազմի աշխատակիցների նշանակումը միանգամայն հավանական են դարձնում Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ընդգծել է Մանոյանը: Նրա խոսքերով, թուրքական հասարակությունն արդեն իր պատմության ուսումնասիրման փորձեր է կատարում, որպեսզի Թուրքիայի ժողովուրդն ու հասարակությունը իմանա իր իրական պատմությունը, Անկարան պետք է դադարեցնի թուրքական մտավորականության այն ներկայացուցիչների հետապնդումն ու նրանց հանդեպ բռնությունը, որոնց կարծիքը Հայոց ցեղասպանության հարցում տարբերվում է թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշումից: