Փետրվարի 28-ի երեկոյան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր պատրիարք, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ինչի առթիվ Մայր Աթոռում «Հրաշափառի» արարողություն էր։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների թափորով Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքն առաջնորդվել է Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, ուր կատարվել է գոհաբանական աղոթք։
Այնուհետև Վեհարանում նորընտիր պատրիարքին և նրա շքախմբին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդը:
«Պատրիարքությունը պետք է շարունակի իր օգտաշատ ծառայությունը Պոլսում և Թուրքիո տարածքում ապրող հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքի շինության և պայծառության համար», - իր խոսքում նշել է Վեհափառ հայրապետը:
Իր հերթին Սահակ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Վեհափառ հայրապետին է փոխանցել պոլսահայության ողջույններն ու հարգանքը:
«Մեր հայացքը միշտ ուղղված է դեպի Սուրբ Էջմիածին և մենք, հիշելով Սուրբ Էջմիածինը և Ձեզ, զորանում ենք, մեր արմատներից ստանում ենք մեր կյանքի ավիշը՝ գոյատևելու Սփյուռքի մեջ», - ասել է Պոլսի պատրիարք Սահակ Մաշալյանը։
Պատրիարքը հայցել է Նորին Սրբության աղոթքները՝ հայտնելով Վեհափառ Հայրապետին պոլսահայության հավատարմությունը և իր որդիական հնազանդությունը:
Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև կմասնակցի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: