Կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ կրելու կարիք չկա, հայտարարել է Այովա նահանգի բուժքոլեջի բժշկության և համաճարակաբանության պրոֆեսոր Է Իլայ Փերենսևիչը, գրում է Forbes-ը:
Նրա խոսքով՝ առողջական միջին վիճակ ունեցող մարդը դիմակ կրելու կարիք չունի և չկա ապացույց, որ վիրուսից առողջ մարդուն պաշտպանվելու համար այն առհասարակ օգնում է:
Բժշկը նշել է, որ դիմակները սխալ կերպ կրելիս ավելի արագ է հնարավոր վարակվել. դրանք ավելացնում են վարակի հավանականությունը, քանի որ դիմակ կրելիս մարդն ավելի հաճախ է դիպչում դեմքին ու քթին: Սակայն, ըստ նրա, առողջ մարդը դիմակ կրելու կարիք չունի նաև այն դեպքում, եթե նրա «ձեռքերը մեջքին կապված են»:
Բժշկի խոսքով՝ դիմակ պետք է կրի վիրուսակիրը` պաշտպանելու համար ընտանիքի անդամներին և շրջապատին:
Կորոնավիրուսի պարագայում՝ վարակն օդից չի փոխանցվում, այլ՝ վիրուսակրի հազից կամ փռշտոցից առաջացած կաթիլներից:
Փերենսևիչը ևս մեկ անգամ նշել է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը ձեռքերը պարբերաբար օճառով և ջրով լվանալն է և հնարավորինս քիչ դեմքին՝ հատկապես բերանին և քթին դիպչելը:
Չինաստանը համարվում է բժշկական դիմակների ամենախոշոր արտադրողն ամբողջ աշխարհում, որտեղ օրական 20 մլն դիմակ է արտադրվում, բայց միայն երկրի ներքին պահանջարկն օրական 50-60 մլն է: