ՎԶԵԲ-ը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, 2 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի Գյումրիի ճանապարհների և փողոցների լուսավորության արդիականացմանը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՎԶԵԲ-ը և Գյումրիի քաղաքապետարանը ստորագրել են դրամաշնորհ ներգրավելու մասին համաձայնագիրը:
Միջոցները տրամադրվելու են E5P հիմնադրամից:
Դրամաշնորհի միջոցներով կտեղադրվի էներգախնայող նոր LED (լուսադիոդային) լուսավորություն, կառավարման և մոնիտորինգի համակարգ, կփոխարինվեն և կնորոգվեն սյուները, ինչպես նաև հոսանքի մալուխները: Աշխատանքների արդյունքում կկրճատվի էներգիայի սպառումը և նվազագույնի կհասցվեն շահագործման և տեխսպասարկման ծախսերը:
Նոր LED լուսավորությունը զգալի կնվազեցնի էներգիայի սպառման արժեքը, ինչի արդյունքում քաղաքապետարանը կտնտեսի էլեկտրանէներգիայի տարեկան ծախսը:
Համաձայնագիրը ստորագրել են ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և E5P տարածաշրջանային հիմնադրամում գլխավոր կառավարիչ Էվա Մանիկը: