5 մարտի 2020 - 18:22 AMT
Քարդաշյանն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ-ում բանտային համակարգի բարեփոխումները

Հայազգի հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ քննարկելու երկրի բանտային համակարգի բարեփոխումները:

Քարդաշյանի հետ միասին նախագահի հետ հանդիպման են գնացել 3 կին, ովքեր բանտից ազատվել են հեռուստաաստղի ջանքերով՝ Քրիստալ Մունոզին, Ջուդիթ Նեգրոնին և Թյունիս Հոլին:

«Ես չեմ լսել, որ այս կանանց մասին խոսեն լուրերով: Այդ պատճառով անհրաժեշտ եմ համարում նրանց մասին անձմաբ պատմել»,- Instagram-ում իր էջում գրել է Քարդաշյանը, փոխանցում է BBC-ն:

Կանայք ազատ են արձակվել 2019-ին First Step Act նախագծով: Դրա նպատակն էր առանց բռնության հանցագործությունների դեպքում պատժի մեղմացումը: Նախագծի վրա աշխատել է նաև Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի ամուսինը, Ջարեդ Քուշները:

2018-ի հունիսին Քարդաշյանի ջանքերով Թրամփը ներում էր շնորհել թմրանյութեր պահելու համար 22 տարվա ազատազրկման դատապարտված մի կնոջ: 2018-ին Քարդաշյանը որոշել էր դառնալ փաստաբան, և նպատակին հասնելու համար նա սկսել էր աշխատել Սան Ֆրանցիսկոյի փաստաբանական ընկերություններից մեկում: Հայտնի աստղի ուսումնառությունը կտևի 4 տարի, իսկ փաստաբանական լիցենզիա նա կստանա 2022-ից ոչ շուտ: