7 մարտի 2020 - 12:04 AMT
Ռոնալդինյոյին Պարագվայում կալանավորել են կեղծ անձնագրի համար

Պարագվայում դատարանը որոշել է կալանավորել Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Ռոնալդինյոյին՝ կեղծ պարագվայական անձնագրով երկիր մուտք գործելու մեղադրանքով։

Ռոնալդինյոյին և նրա եղբորը ձերբակալել էին դեռ մարտի 5-ին։ Փորձելով մուտք գործել երկիր՝ նրանք ներկայացրել են պարագվայական անձնագրեր, որոնք, ինչպես պարզվել է, կեղծ էին։ Արդյունքում, նրանց այնուամենայնիվ, թույլատրել են հատել սահմանը՝ հավանաբար, բրազիլական նույնականացման քարտով, գրում է BBC-ն։

Սակայն ավելի ուշ, հյուրանոց են եկել դատախազության աշխատակիցները։ Ֆուտբոլիստին տարել են հարցաքննության, որը 8 ժամ է տևել։ Դրանից հետո միջնորդություն է ուղարկվել դատարան` Ռոնալդինյոյին կալանավորելու վերաբերյալ։

Պարագվայի իշխանությունները հաստատել են, որ Ռոնալդինյոն երբեք չի անցել երկրի քաղաքացիություն ստանալու ընթացակարգով, իսկ պաշտպաններն ասում են, որ անձնագիրը նրան նվիրել են։

Ռոնալդինյոն հայտնի դարձավ 2000-ականների սկզբին։ 2002-ին նա իր հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձավ, իսկ 2004-ին և 2005-ին՝ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Այժմ նա 39 տաեկան է։ Նրա կարողությունը գնահատվում է մոտ 100 մլն դոլար։

Photo. Getty Images