10 մարտի 2020 - 13:44 AMT
Խոակին Կապարոսը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021-ի նոյեմբերի 30-ը, տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Կապարոսը հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

Վերջին տարիներին (2014-ից ի վեր) նա որպես մարզիչ աշխատել է իսպանական «Գրանադայում», «Օսասունայում», իսկ «Սևիլյայում»՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար: 2017-ին եղել է քաթարական «Ալ Ահլիի» մարզիչը: 2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։