ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է դիպուկահարի կրակոցից ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողի մահվանը սահմանի Նախիջևանի հատվածում` հայտարարելով, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է միտումնավոր սրել իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին:
ԱԳՆ-ից հիշեցրել են, որ մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն ներթափանցման փորձ էին ձեռնարկել Տավուշի ուղղությամբ:
Ադրբեջանի պարբերական փորձերը` սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները, վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ:
«Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.):