13 մարտի 2020 - 15:13 AMT
Նախարար. ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել, նախկինում մեկուսացվածներին են

Հայաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել, այսպիսով ընդհանուր թիվը հասել է 8-ի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հաստատված երկու նոր դեպքը կապված են ավելի վաղ հայտարարված 3 դեպքից մեկի հետ, հայտարարել է նա:

«Քիչ առաջ են հաստատվել, նույն շրջանակից են, ինչ նախկին երեք դեպքը, առաջնակի պացիենտով և նրանից վարակված 4 անձով: Դրանք կարող ենք համաճարակաբանական տեսանկյունից մեկ դեպք համարել»,- ասել է նա:

Թորոսյանը նշել է, որ դեպքերը հաստատվել են Էջմիածնի պացիենտի հետ շփված և մեկուսացված անձանց մոտ: Նրանք իրենց լավ են զգում, գանգատներ չունեն: Մեկուսացված են նաև նրանց ընտանիքները:

Նախարարի խոսքով՝ այժմ պարզվում է՝ կան մեկուսացման ենթակա այլ անձինք, թե՝ ոչ:

Թորոսյանը հորդորել է անցնել միմյանց հետ քիչ շփվելու ռեժիմի, քանի որ դա վիրուսի դեմ պայքարելու հիմնական գործիքներից է: Նա հորդորել է չթաքցնել վիրուսի ախտանիշերը:

Ընդհանուր առմամբ, մարտի 13-ի դրությամբ վարակակիրների հետ սերտ շփվելու արդյունքում «Գոլդեն Փելեսում» մեկուսացված է 88 քաղաքացի:

Ավելի վաղ ՀՀ-ում ուսումական հաստատությունների գործունեությունը դադարեցվել է մինչև մարտի 23-ը: