17 մարտի 2020 - 20:50 AMT
Բժիշկների խրախուսման և բուժպարագաների ձեռքբերման համար գանձապետական հաշիվ է բացվել

Քանի որ վերջին օրերին տարբեր անհատներ և կազմակերպություններ բազմաթիվ ֆինանսական աջակցության առաջարկներ են արել Առողջապահության նախարարությանը, Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Այդ հաշվին փոխանցումներ կարվեն կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

«Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։ Ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 17-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով հիվանդության հաստատված 72 դեպք կա, որոնցից 1-ն առողջացել է։ Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: