Հայաստանում մարտի 17-ի ժամը 21:30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 78 դեպք կա՝ նոր դեպքերը 6-ն են, բոլորն էլ կապված են արտադրամասի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ճնշող մեծամասնությունը չունի որևէ սիմպտոմ, անգամ ջերմություն:
«Երկուսի մոտ էր միայն թոքաբորբ, որը գուցե անցել է: Այս պահին հստակ ասել չենք կարող, քանի որ դրա համար պետք է ռենտգեն հետազոտություն անել, որն անցկացնելու համար նախորդից պետք է անցնի 7 օր, այդ ժամկետը դեռ չի լրացել»,- նշել է Թորոսյանը:
Նախարարն ասել է նաև, որ կարանտինում գտնվող 18 վարակակրի դեպքում որևէ սիմպտոմ չի եղել, բայց հետազոտությունից հետո պարզել են, որ վիրուսակիր են:
«Հաստատված դեպքով քաղաքացիների թվի աճին զուգընթաց տեսնում ենք, թե ինչ զարգացումներ ունենք՝ սեռի, տարիքիմ վիճակի բուժման մասով, հետևություններ կանենք: Ամեն ինչ արվում է՝ բոլորին զարգացումների մասին տեղյակ պահելու վերաբերյալ», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ օրվա ավարտին մոտ 600 քաղաքացի մեկուսացված կլինի. հնարավոր է՝ առաջիկայում ևս մի քանի հարյուր հոգի մեկուսացնեն, հետագայում այդ թվի աճի դեպքում կանցնեն ինքնամեկուսացման:
«Հիմա նրանց մեկուսացնելու նպատակը վիրուսի տարածման շղթան կոտրելն է»,- նշեց նա:
Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: