17 դեկտեմբերի 2008 - 18:49 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրած մտավորականների գործողությունը խոսքի ազատության արտահայտություն է
Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը Հայոց ցեղասպանության համար հայ ժողովրդից ներողություն խնդրած թուրք մտավորականության ներկայացուցիչների նախաձեռնությունն անվանել է մասնավոր նախաձեռնություն, որը դժվար թե կոգեշնչի մյուսներին: Նրա կարծիքով, մտավորականների գործողությունն ու Թուրքիայի պաշտոնից հեռացած դիվանագետների կողմից դրա քննադատումը պետք է ընդունել որպես խոսքի ազատության արտահայտությունը երկրում:

Ինչպես նշել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը, 1915թ. իրադարձությունների առնչությամբ Անկարայի դիրքորոշումը վաղուց արդեն բոլորին հայտնի է: Ընդ որում, նա ընդգծել է, որ Թուրքիայում պետք է քննարկվեն ցանկացած թեմաներ: «Այնուամենայնիվ, մեր արտաքին քաղաքականությունն այնքան էլ փխրուն չէ, որպեսզի փոխվի ամենօրյա քննարկումների արդյունքում: Մենք կշարունակենք մեր քաղաքականությունը` հիմնվելով սկզբունքների վրա»,- հայտնել է Բուրակ Օզուգերգինը, հաղորդում է Անատոլիական Գործակալությունը:

«Հայե'ր, ներե'ք մեզ» հանրագրի տակ, որում Հայոց ցեղասպանության համար ներողություն է հայցվում հայ ժողովրդից, իրենց ստորագրությունն են դրել արդեն ավելի քան 11 հազար մարդ: Հանրագիրը դեկտեմբերի 15-ին տեղակայվել է Ինտերնետում եւ մեկ օրվա ընթացքում հավաքել ավելի քան 8 հազար ստորագրություն: Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: «Ես չեմ կարող համաձայնել Օսմանյան կայսրության հայերին բաժին հասած այդ աղետի հանդեպ անտարբերության եւ ժխտման հետ: Ես հրաժարվում եմ անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ հայցում նրանց ներողամտությունը»,- ասվում է հանրագրում: