18 դեկտեմբերի 2008 - 18:14 AMT
Աբդուլլա Գյուլին ակնարկել են իր հայկական արմատների մասին
Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի գծով Հանձնաժողովի նախորդ օրվա նիստին քննարկվել է թուրք գիտնականների, գրողների, լրագրողների եւ ՀԿ-ների խմբի կողմից Ինտերնետում ծավալված հայերից ներողություն խնդրելու քարոզարշավը: Հանրապետական ժողովրդական կուսակցության եւ Ազգայնամոլական շարժման կուսակցության անդամ պատգամավորները առաջարկել են ընդունել մի հայտարարություն, որը քննադատում է նրանց, ովքեր օժանդակել են քարոզարշավը: Այդ առաջարկի դեմ հանդես է եկել Դեմոկրատական հավաքի կուսակցությունը, որը բաղկացած է էթնիկական քրդերից:

Քննարկումների արդյունքում ընդունվել է քարոզարշավը քննադատելու նպատակով պատգամավորների անհատական ստորագրահավաք անցկացնելու որոշում: Ընդդիմական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր Ջանա Արիթմանը քարոզչության կազմակերպիչներին անվանել է «հայրենիքի դավաճաններ». «Այդ նամակի տակ իրենց ստորագրությունը դրած կեղծ մտավորականները պետք է ներողություն խնդրեն Թուրքիայի առաջ»: Արիթմանը քննադատության է ենթարկել նաեւ այդ քարոզարշավի հանդեպ նախագահ Աբդուլլա Գյուլի վերաբերմունքը: Նրա խոսքերով, քարոզարշավի կազմակերպիչներին ոգեշնչել է Գյուլի այցը Երեւան: Բացի այդ, պատգամավորը ակնարկել է, որ երկրի նախագահի մայրը ազգությամբ հայ է. «Մենք տեսնում ենք, որ նախագահը աջակցում է այդ քարոզարշավին: Աբդուլլա Գյուլը պետք է ոչ թե իր էթնիկական արմատների հետեւորդ, այլ` հանրապետության նախագահ լինի, նոր թուրք ազգության ղեկավար: Պարզեք նախագահի էթնիկական արմատները մայրական գծով եւ ինքներդ կտեսնեք», հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները:

Նշենք, որ Թուրքիայի որոշ շրջանակներում խոսակցություններ կան այն մասին, որ նախագահ Աբդուլլա Գյուլի մայրը ծագում է կայսերիական հայերի ընտանիքից, հայրը Սիիրթից Կայսերի տեղափոխված արաբ է:

«Հայե'ր, ներե'ք մեզ» հանրագրի տակ, որում հայերից ներողություն է հայցվում Հայոց ցեղասպանության համար, իրենց ստորագրությունն են դրել արդեն ավելի քան 13 հազար հոգի: Հանրագիրը Ինտերնետում է տեղակայվել դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրվա ընթացքում հավաքել ավելի քան 8 հազար ստորագրություն: Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: «Ես չեմ կարող համաձայնել Օսմանյան կայսրության հայերին բաժին հասած այդ աղետի հանդեպ անտարբերության եւ ժխտման հետ: Ես հրաժարվում եմ անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ հայցում նրանց ներողամտությունը»,- ասվում է հանրագրում: