18 դեկտեմբերի 2008 - 18:51 AMT
Ռուանդայում թութսիների ցեղասպանության կազմակերպիչը դատապարտվել է ցմահ բանտարկության
Ռազմական հանցագործությունների միջազգային տրիբունալը Ռուանդայում ցմահ բանտարկության է դատապարտել Ռուանդայի բանակի նախկին գնդապետ Թեոնեստե Բագասորին: Նրան մեղադրում են թութսի էթնիկ փոքրամասնության ցեղասպանության ծրագիր մշակելու եւ իրագործելու մեջ: 1994թ. 100 օրվա ընթացքում Ռուանդայում իշխող խութու էթնիկ խումբը ոչնչացրեց թութսի ժողովրդի շուրջ 800 հազար ներկայացուցիչների:

Թանզանիայի Արուշա քաղաքում նիստ անցկացնող տրիբունալը մեղավոր ճանաչեց 67-ամյա Բագասորին ոչ միայն սպանությունները իրականացնող կանոնավոր զորքերը ղեկավարելու, այլ նաեւ խութուներից կազմված ռազմական Interahamwe խմբավորման կազմակերպման մեջ:

Դատավճռում ասվում է, որ զանգվածային սպանությունների նախօրեին Բագասորը լքել է Թանզանիայում ընթացող խաղաղ բանակցությունները եւ հայտարարել, թե մեկնում է Ռուանդա «Ապոկալիպսիս նախապատրաստելու»:

Դատարանը նաեւ պարզել է, որ Բագասորը, որ զբաղեցնում էր Ռուանդայի պաշտպանության նախարարության պաշտոններից մեկը, կարողացավ իր ձեռքում կենտրոնացնել երկրի քաղաքական եւ ռազմական իրավիճակի վերահսկողությունը այն բանից հետո, երբ 1994թ. ապրիլին ավիավթարից մահացավ Ռուանդայի նախագահ Ջուվենալ Խաբյարիմանը:

«Գնդապետ Բագասորը մեղավոր է ցեղասպանության, ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կատարման մեջ»,-ասվում է դատավճռում:

«Դատարանը չի կարող ընդունել, որ Ռուանդայի բանակի էլիտային միավորումները կարող էին հանկարծակի սկսել գնդակոծել եւ նռնակներ նետել Ռուանդայի ոստիկանների ու ՄԱԿ-ի խաղաղապահների վրա, հարձակում գործել երկրի վարչապետի վրա, սպանել նրան եւ երկրի եւս հինգ ականավոր գործիչների առանց կազմակերպված ռազմական գործողության եւ առանց հրամանի»,-հայտարարել է դատարանը:

«Բագասորրը զբաղեցնում էր պաշտպանության նախարարության բարձրագույն պաշտոնը եւ վերահսկում էր բանակն ու ժանդարմերիան ապրիլի 6-9: Նա անձնական պատասխանատվություն է կրում վարչապետի, չորս ընդդիմադիր քաղաքական գործիչների, տասը բելգիացի խաղաղապահների սպանության, ինչպես նաեւ զանգվածային սպանությունների կազմակերպման համար»,-ասվում է դատավճռում:

Նույն տրիբունալը 20 տարվա ազատազրկման է դատապարտել նաեւ նախկին նախագահ Խաբյարիմանի փեսային, որը մեղավոր է ճանաչվել «Ակազու» կազմակերպության հետ համագործակցելու մեջ, որը խութուի վերնախավի փոքր, բայց ազդեցիկ խմբավորում էր եւ մշակել էր թութսիների ոչնչացման ծրագիրը», հաղորդում է BBC-ին: