28 մարտի 2020 - 14:42 AMT
Աշխարհում կորոնավիրուսի պատճառով պահպանակների պակաս կարող է զգացվել

Կորոնավիրուսի պատճառով աշխարհին պահպանակների պակաս է սպառնում։ Այդ մասին հայտարարել է պահպանակների խոշորագույն արտադրողը՝ մալայզիական Karex Bhd ընկերությունը։ Դրանց պակասն արդեն հասնում է 100 միլիոնի, գրում է Obozrevatel-ը։

«Մենք ամենուր տեսնում ենք պահպանակների պակաս։ Ինձ մտահոգում է, որ Աֆրիկայի խորքերում հումանիտար ծրագրերի համար այդ պակասը կարող է ամիսներ տևել»,- ասել է գործադիր տնօրեն Գո Միա Կիատը։

Ընկերությանը մարտի 27-ին թույլատրել են վերաբացել արտադրությունը, սակայն ոչ ամբողջ ծավալով՝ միայն 50 տոկոսով։

«Ժամանակ կպահանջվի ֆաբրիկաներն արագ գործարկելու համար, մենք կաշխատենք բավարարել պահանջարկի կեսը»,- ասել է Կիատը։

Պանդեմիայի պատճառով գրեթե ամբողջ աշխարհով երկրները մեկը մյուսի հետևից կարանտին են հայտարարում՝ սահմանափակելով քաղաքացիների տեղաշարժն ու պահանջելով տանը մնալ՝ վարակի տարածումը կանգնեցնելու համար: