19 դեկտեմբերի 2008 - 14:10 AMT
Ռուսական քաղաքականությունն ուղղված է հայերի, սերբերի եւ այլ ժողովրդների ցեղասպանության փաստերի կոշտ դատապարտմանը
Ռուսական քաղաքականությունն ուղղված է հայերի, սերբերի եւ այլ ժողովրդների ցեղասպանության փաստերի կոշտ դատապարտմանը եւ Պետական Դուման միշտ համապատասխան որոշումներ է կայացնում: Այդ մասին Մոսկվայում կայացած «Ցեղասպանության ֆենոմենը` պատճառներն ու կանխման միջոցները» խորագրով միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Ռուսաստանի հույն համայնքների միության նախագահ, «Միասնական Ռուսաստան» խմբակցությունից պատգամավոր Գավրիիլ Պոպովը:
Նրա խոսքերով, լինելով Ռուսաստանի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում նա ժամանակին փորձում էր համոզել Եվրոպային չստեղծել այնպիսի նախադեպ, ինչպիսին Կոսովոն է: «Ահա ձեզ երկակի չափանիշների օրինակ: Այն, ինչ կարելի է անել Կոսովոյի հետ, չի վերաբերում Հարավային Օսեթիային ու Աբխազիային: Իսկ չէ որ օգոստոսին Հարավային Օսեթիայում կարճ ժամկետում սպանվեցին հազարավոր անմեղ խաղաղ բնակիչներ: Արդյո՞ք սա ցեղասպանության սաղմ չէ: Ռուսաստանը «անաշխատանուկ» է համարում Սահակաշվիլիի ռեժիմը»,-հայտարարել է նա, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Իր հերթին «Արդար Ռուսաստան» կուսակցության աշխատակազմի միջազգային վարչության պետ Բորիս Գուսելետովը ընդգծել է Ռուսաստանի եւ աշխարհի բոլոր ազգային համայնքների հետ սերտորեն համագործակցելու եւ ցեղասպանության պես գլոբալ խնդիրների լուծման համատեղ որոնման անհրաժեշտությունը: «Մեր «Արդար աշխարհ» ինստիտուտը ստեղծվել է ինտերնացիոնալի տեսակետներից: Մենք դատապարտում ենք ազգայնական ագրեսիայի ցանկացած դրսեւորում: Սակայն գիտակցում ենք տարբեր ժողովրդների միջեւ երկխոսության պակասը, գտնում ենք, որ իշխանությունները միշտ չէ որ համարժեք պատասխան են տալիս ազգամիջյան հակամարտություններին կամ հասունացող հակասություններին: Ուստի հստակ գիտենք, որ մենք ինքներս պետք է նման շփումներ հաստատենք եւ ամեն կերպ փորձում ենք թույլ չտալ մեր երկրներում ցեղասպանության ողբերգության կրկնությունը»:
Ինչպես նշել է հանդիպումը վարող «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահին կից Գաղափարախոսության եւ հրապարակային քաղաքականության վարչության ղեկավարի տեղակալ Նատալյա Վելիկայան, «ցեղասպանության թեման, որը մենք այսօր քննարկում ենք, բարդ է ու ցավոտ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ ողջ համաշխարհային հանրության համար»: «Բռնությունը, դաժանությունն ու ագրեսիան նախկինի պես մնում են մեր հասարակության մեջ, դրա մասին չի կարելի մոռանալ»,-ընդգծել է Ն.Վելիկայան` հավելելով, որ դրանք հենց այն խնդիրներն են, որոնց հետ բախվում են բոլոր ազգերը եւ որոնք հնարավոր է լուծել միայն միավորելով ջանքերը, միայն մշտական հրպարակային երկխոսության ընթացքում: