30 մարտի 2020 - 21:43 AMT
Դիվերսիայի փորձ՝ Տավուշում. Հակառակորդը հետ է շպրտվել

Մարտի 30-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող»,- հայտնել է Ստեփանյանը:

Նա նշել է, որ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվանի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Հայտնի է, որ երեխային տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ վիրահատում են։

«Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է ՊՆ խոսնակը:

Ավելի վաղ՝ մարտի 27-ին հակառակորդի կրակոցից Տավուշում պայմանագրային զինծառյող էր վիրավորվել: