1 ապրիլի 2020 - 14:16 AMT
Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է համապետական ընտրությունների նախնական արդյունքները: Այսպիսով, մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո հայտարարվել է 2-րդ փուլի մասին։

Թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել ընտրական օրենսգրքով սահմանված 50% +1 ձայնը, ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 14 օր հետո՝ ապրիլի 14-ին։

Արցախում ընտրությունների առաջին փուլով ամենաշատ ձայները հավաքել է Արայիկ Հարությունյանը, նրա օգտին քվեարկել է ընտրողների 49․26%-ը՝ մոտ 36,000 մարդ, Մասիս Մայլիյանը հավաքել է ձայների 26․4%-ը՝ 19,360 ընտրողով, Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է 10,755 ընտրող, նա հավաքել է 14․7% ։ Մյուս թեկնածուներն ունեցել են մի քանի հարյուր ընտրող։

Նախագահական ընտրություններին անվավեր քվեաթրերթիկները կազմել են 3,5% ։ Թեկնածուներից Քրիստին Բալայանի օգտին է քվեարկել 2020 ընտրող (0.3%), Սերգեյ Ամիրյանի` 106 ընտրող (0․2%), Դավիթ Բաբայանի՝ 587 հոգի (0,8%), Բելլա Լալայանի օգտին՝ 162 ընտրող (0․2%) , Հայկ Խանումյանի օգտին քվեարկել է 962 ընտրող (1․3%)։ Թեկնածուներից Դավիթ Իշխանյանի օգտին քվեարկել է 1873 հոգի (2.56%), Վահան Բադասյանի օգտին՝ 743 մարդ (1%), Աշոտ Ղուլյանը հավաքել է 1683 քվե (2․3%), Ռուսլան Իսրայելյանը՝ 368 (0․5%), Աշոտ Դադայանը՝ 198 ձայն (0․3%), Մելսիկ Պողոսյանը՝ 141 ձայն (0․2%):

Արցախում համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,5%-ը, ընտրողները ընդհանուր թիվը մոտ 104,000 է եղել, քվերակության մասնակիցների թիվը՝ 76,728։ Նախագահի 14 թեկնածու կար։