1 ապրիլի 2020 - 14:26 AMT
«Գազպրոմն» առաջարկում է բարձրացնել գազի գինը բոլոր ձեռնարկությունների ու խոցելի խավի համար

«Գազպրոմ Արմենիան» մտադիր է հուլիսի 1-ից բնական գազի գինը բարձրացնել սպառողների մի շարք խմբերի համար։ Ընկերությունը գազի սակագների սահմանման կամ վերանայման համար դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։ Հայտը հրապարակվել է «Ազդարարում»։

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ` ներառյալ ԱԱՀ ։

Ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողներին, այսինքն՝ բնակչության հիմնական խմբին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի գործող սակագինը 139,000 դրամ է՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Ընկերությունն առաջարկում է նվազեցնել սակագինը 3 դրամով՝ մինչև 135,909.6 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:

Ջերմոցների ու վերամշակողների համար նոր սակագինը կկազմի 283․14 դոլար ներկայից 212-ի փոխարեն, 10 հազար խմ-ից ավելի օգտագործող սպառողների համար՝ նույն 283․14 դոլարը՝ ներկայիս 241-ի փոխարեն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Փոխվարչապետը նշել է, թե ակնհայտ է՝ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչը կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը:,/i>