Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ կֆինանսավորի բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ ծախսերը։ ։
Խոսքն ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 մ/3-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մասին է։
Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, տեղեկացնում է Aliq.ge-ն։
Կառավարության ղեկավարի խոսքով, ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները:
«Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, թեև մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր քաղաքացիներին, որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար»,- ասել է վարչապետը:
Վրաստանում կա 1,200,000 տնտեսություն, որոնք ամսական 200 կՎտ էլեկտրաէներգիայից պակաս են սպառում և մոտ 671,000 ընտանիք, որոնց կփոխհատուցվի ամսական մինչև 200 մ/3 բնական գազ։