4 ապրիլի 2020 - 11:29 AMT
ԱԳՆ․Բաքվի ապատեղեկատվության նպատակն իր խախտումների արդարացումն է

Ադրբեջանի կողմից պարբերաբար կեղծ տեղեկատվության տարածման նպատակն է քողարկել կամ արդարացնել իր կողմից հրադադարի ռեժիմի և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ։

Մարտի 30-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում էին ստացել Տավուշի շրջանի Ոսկեվան բնակավայրի անչափահաս բնակիչը և երկու զինծառայողներ: Այս ռազմական միջադեպի ընթացքում ադրբեջանական զինված ստորաբաժանումները քաղաքացիական ենթակառուցվածքում թիրախավորել էին քաղաքացիական անձի՝ երեխայի, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:

«Դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում իրադրության վերաբերյալ պարբերական կեղծ տեղեկատվության տարածումը… Ակնհայտորեն Ադրբեջանը փորձում է օգտագործել կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մշտադիտարկումների ժամանակավոր կասեցումը հրադադարի խախտումներ իրականացնելու և կեղծ տեղեկություններ տարածելու նպատակով:

Եվս մեկ անգամ ընդգծում ենք մեր հանձնառությունը` հարգելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչերը և այս ժամանակաշրջանում խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողություններից»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Նման իրադրություններում առավել ընդգծվում է ռիսկերի նվազեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների իրականացման և այդ նպատակով արդյունավետ միջազգային մեխանիզմների ստեղծման կարևորությունը։

Մարտի 30-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, հակառակորդը հետ է շպրտվել, սակայն միաժամանակ թիրախավորվել են Բաղանիս և Ոսկեվան գյուղերը։ ՀՀ ՊՆ երկու զինծառայող և Ոսկեվան գյուղի 2004թ. ծնված բնակիչ են վիրավորվել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկություններ սահմանին տիրող իրավիճակի մասին։