11 ապրիլի 2020 - 11:50 AMT
Ցեղասպանության թանգարանի նախաձեռնած Հիշողության երթը վիրտուալ կանցկացվի

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսել էր այս տարի ապրիլի 24-ին Հիշողության երթ կազմակերպել՝ կոչ ուղղելով այդ օրը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել ցեղասպանության զոհ կամ վերապրած հարազատի լուսանկար-վահանակով, իսկ լուսանկար չլինելու պարագայում գրել նրանց անուն-ազգանունները, դնել Ցեղասպանության զոհ մեր մտավորականների կամ մշակութային ժառանգությունների լուսանկարները:

Ըստ թանգարան-ինստիտուտի հայտարարության՝ քանի որ համաճարակային իրավիճակը, կարծես, թույլ չի տալիս իրականացնել այդ մտահաղացումը, որոշվել է Հիշողության երթը տեղափոխել վիրտուալ հարթություն:

«Այս նախաձեռնությունն արտակարգ իրավիճակում, երբ սահմանափակված է մեր տեղաշարժման շառավիղը, ապրիլի 24-ը ոգեկոչելու ձև է, այսպես ասած «Հիշողության վիրտուալ երթ»:

Հիշողության այս երթի նպատակն է հիշել ցեղասպանության զոհ, վերապրած, ցեղասպանության արհավիրքներին դիմակայած մեր տատիկ-պապիկներին և հորդորել մեր հայրենակիցներին իրենց ֆեյսբուքյան դիմապատկերների նկարները փոխարինել Ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատների նկարներով առաջարկվող ձևակի մեջ՝ այս կերպ կիսելով իրենց նախնիների լուսանկարներն ու պատմությունները»,- ասվում է թանգարան-ինստիտուտի հայտարարության մեջ:

Ձևակը կարելի է գտնել թանգարանի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է նաև, որ այս նախաձեռնությունը որևէ կապ չունի 100-րդ տարելիցի հայտնի կարգախոսի հետ: Այն ապրիլի 24-ն արտակարգ իրավիճակում հիշատակելու գործողություն է:

2020-ին համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, լրանում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-ամյակը։