14 ապրիլի 2020 - 16:36 AMT
34 մլրդ դրամ՝ Ucom-ի բաժնեմասերի 94%-ի համար․ Եսայանների նոր առաջարկը

Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Ucom ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք ունեն մոտ 6 տոկոս բաժնեմաս, առաջարկել են գնել ընկերության 94%-ը 34 մլրդ դրամով։

Ավելի վաղ Եսայաններն առաջարկել էին բաժնեմասերը գնել 22,1 մլրդ-ով։

«Այս պատասխանատվությունից ելնելով և կազմակերպության շարունակականությունն ապահովելու նպատակով որոշում ենք կայացրել վճարել հնարավոր առավելագույն գինը՝ հաշվի առնելով կազմակերպությունում տարիներ շարունակ ներդրված բոլոր գումարները: Առաջարկի գումարը կազմում է 34 մլն դրամ։ Առաջարկը բանավոր ներկայացված է, սպասում ենք պատասխանի»,- նշված է Եսայանների հայտարարությունում։

Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել և ցանկանում են անհապաղ դադարեցնել իրենց պարտականությունների կատարումը՝ նշելով, թե «միայն իրենց ջանքերով է, որ այդ աշխատակիցները կատարում են իրենց ամենօրյա պարտականությունը»։

Ապրիլի 9-ին հայտնի դարձավ Եսայանների՝ ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին։ Որպես պատճառ նշվում էր այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, պատրաստվում էին «Վեոն Արմենիայի» հետ միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։ Ապրիլի 10-ին Բարձր տեխնոլոգիաների ու արդյունաբերության նախարարությունը հայտնեց, որ համաձայնություն չի տվել «Յուքոմի» ու «Բիլայնի» գործարքին։

Հայկ Եսայանը յութուբյան տեսաուղերձում ավելի ուշ ասել էր, որ բաժնետոմսերը գնելու համար ներգրավելու են վարկային միջոցներ, թողարկելու են պարտատոմսեր, իսկ ընկերության բաժնետոմսերի 20%-ը վաճառվելու է աշխատակիցներին։