16 ապրիլի 2020 - 10:27 AMT
ԶԼՄ-ներ. Կրեմլում որոշել են հետաձգել Հաղթանակի շքերթը

Կրեմլում որոշել են հետաձգել մայիսի 9-ի Հաղթանակի շքերթը։ Ըստ BBC-ի, ՌԲԿ-ի և Ինտերֆաքսի աղբյուրների` որոշումը կհրապարակվի առաջիկա օրերին։

Ինչպես ասել է BBC-ի աղբյուրը ՌԴ պաշտպանության նախարարության կառույցներից մեկում, կորոնավիրուսի համաճարակի պատճառով Մեծ Հայրենականում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը կհետաձգվի։

Ըստ ՌԲԿ-ի` այդ մասին կարող է հայտարարել անձամբ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Շքերթը կարող է կայանալ հունիսի 24-ին՝ «այն օրը, երբ տեղի է ունեցել մարշալ Գեորգի Ժուկովի հրամանատարությամբ զորահանդեսը», կամ սեպտեմբերի 3-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրը։ Այդ մասին Ինտերֆաքսին է հայտնել ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Շամանովը։

Կարծիքներ կան, որ զորահանդեսը կարող է անցկացվել նոյեմբերի 7-ին՝ Մոսկվայում, 1941-ի պատմական զորահանդեսի օրը։

Ապրիլի 15-ին ՌԴ վետերանների կազմակերպությունները դիմել էին Պուտինին՝ խնդրելով հետաձգել Հաղթանակի շքերթը։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռ ապրիլի 11-ին էր հնարավոր համարել, որ զորահանդեսը կարող է տեղափոխվել, սակայն, շեշտել էր, որ վաղ թե ուշ այն անպայման կկայանա։ Պեսկովը նշել էր, սակայն, որ այդ հարցով որոշում դեռ չի կայացվել։