25 դեկտեմբերի 2008 - 15:42 AMT
Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ կարող է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատվել
Ներկայումս համաձայնագիր է ստորագրվել Իրանը, Թուրքմենստանն ու Ղազախստանն իրար կապող երկաթուղային ճանապարհի կառուցման մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ղազախստանի դեսպանության տնտեսական խորհրդական Քարթայ Հայիրովը: Նրա խոսքերով, շինարարությունը պետք է ավարտվի 2011թ.: «Որքանով որ մենք գիտենք, ներկա պահին բանակցություններ են ընթանում Իրան-Հայաստան ե/գ կառուցման վերաբերյալ: Եթե այդ նախագիծն իրականացվի, իսկ դրա համար բոլոր նախապայմանները կան, ապա Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ հաղորդակցություն կհաստատվի: Իրան-Հայաստան ճյուղի կառուցման հարցում շահագրգռված է նաեւ Ռուսաստանը, ուստի ես կարծում եմ, որ այն կկառուցվի»,- նշել է Հայիրովը: Նա նաեւ ասել է, որ ամեն երկիր ֆինանսավորելու է կառուցման իր հատվածը: «Ես վստահ եմ, որ հայկական կառավարությունը, որը շահագրգռված է այս նախագծով, դրա իրագործման համար կգործադրի իր բոլոր ջանքերը: Որքանով որ ես տեղեկացված եմ, ՏՍ մշակման համար արդեն հատկացվել է $1 մլն.»,- ընդգծել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության տնտեսական խորհրդականը: